17 ապրիլի 2009 - 20:33 AMT
ՀՀ նախագահը պետք է քաղաքական կամք դրսեւորի եւ բաց երկխոսություն սկսի Թուրքիայի հետ
Հայաստանի մտքով անգամ չպետք է անցնի, որ Թուրքիան կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դառնալ: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով, 10 տարի շարունակ Թուրքիային պարզապես թույլ չեն տվել որեւէ բան խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, իսկ Ադրբեջանին` հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Իսկ այժմ Էրդողանը կտրուկ հայտարարություններ է կատարում, նույնն էլ Իլհամ Ալիեւը: Ես գտնում եմ, որ Հայաստանի նախագահը պետք է քաղաքական կամք դրսեւորի եւ բաց երկխոսություն սկսի Թուրքիայի հետ, որովհետեւ Հայաստանի վրա ճնշում են գործադրելու ղարաբաղյան հիմնախնդրի միջոցով: Ու Եվրոպան կարող է որոշել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները լուծվելու են մի փաթեթով, ինչը Հայաստանի համար մահացու կլինի: Նախագահը պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունը եւ փոխի շեշտերը»,- ընդգծել է Օսկանյանը` ավելացնելով, որ հարցերի մասին լռելու մարտավարությունը հանգեցնում է պարտության: Նրա կարծիքով, ԱԳՆ-ը պետք է ավելի բաց կառույց լինի: