Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ Արցախի գազամատակարարումը վերականգնվել է։ Նա ընդգծել է, որ դա արվել է առանց որևէ նախապայմանի, առանց որևէ զիջման հայկական կողմից։
Նա դա հաղթանակ է համարել։
Վարդանյանը նաև հայտնել է, որ իր տեղեկություններով` դեկտեմբերի 16-ի ընթացքում բացվելու է նաև Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը։ Նա շեշտել է, որ դա ադրբեջանական կողմի որոշումն է և դա արվել է միջազգային ճնշման տակ։
Վարդանյանն այս առումով հիշատակել է ՄԻԵԴ որոշումը, որով Ադրբեջանին ժամանակ էր տրվել մինչև դեկտեմբերի 19-ը՝ Լաչինի միջանցքը բացելու համար։
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր տարբեր ձևերով և տարբեր հարթակներում բարձրացրել են Արցախի խնդիրները։
Վարդանյանը նաև ասել է, որ այս իրավիճակից պետք է դասեր քաղել, քանի որ Ադրբեջանը չի հանգստնալաու և շարունակելու է տարբեր ճնշումները Արցախի հանդեպ։
Վարդանյանը նաև հայտարարել է Ստեփանակերտում դեկտեմբերի 17-ին 15։00-ին կայանալիք հանրահավաքի մասին՝ կոչ անելով բոլորին մասնակցել և ցուցադրել ժողովրդի միասնությունը։
Ավելի ուշ «Արցախգազը» ևս տեղեկացրել է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:
Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։