ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և ՄԱԿ հարցերով պետնախարար լորդ Թարիք Ահմադի հետ հանդիպմանը ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:
Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանման հետևանքները, շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև, և իրավիճակը չկարգավորվելու դեպքում կբերի աղետի։
Արարատ Միրզոյանն ու Թարիք Ահմադն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին:
Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։