18 ապրիլի 2009 - 11:32 AMT
«Արմավիան» սկսել է իրականացնել Երեւան-Բեռլին-Երեւան չվերթը
Ապրիլի 14-ից «Արմավիա» ընկերությունը սկսել է նոր կանոնավոր չվերթ իրականացնել Երեւան-Բեռլին-Երեւան երթուղով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ թռիչքը կատարվում է ժամանակակից աէրոբուսներով: Բեռլինի չվերթը կիրականացվի շաբաթական երկու անգամ` երեքշաբթի եւ ուրբաթ օրերը:
Ըստ Ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանի, Գերմանիան Եվրոպայի չորրորդ երկիրն է այնտեղ բնակվող հայերի քանակով (շուրջ 40 000): Սակայն, ընկերությունում հուսով են, որ չվերթը կհետաքրքի նաեւ գերմանացի զբոսաշրջիկներին, որոնք կցանկանան այցելել Հայաստան` մի երկրի, որի հանդեպ արտերկրի զբոսաշրջիկների հետաքրքրությունը մշտապես աճում է:
Բեռլինի օդանավակայանը գերմանական օդանավակայաններից ամենամոտն է Հայաստանին: Այդ առավելությունը հնարավորություն է տալիս կրճատել թռիչքի ժամանակը, Հայաստանից Գերմանիա եւ հակառակ ուղղությամբ շրջագայող ուղեւորների համար:
Ըստ Գերմանիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչ Համբարձում Մինասյանի, այս չվերթը հնարավորություն կտա զարգացնել հարաբերությունները ոչ միայն պետական մակարդակով, այլ նաեւ հնարավորություն կընձեռի եվրոպացի զբոսաշրջիկներին այցելել Հայաստան` իր ավանդույթներն ու մշակույթն ունեցող երկիր, եւ այդպիսով զարգացնել զբոսաշրջությունն եւ տնտեսությունը:
Ինտերլայն համակարգի եւ «Արմավիա» ու «Էյր Բեռլին» ավիաընկերությունների միջեւ հատուկ փոխհամաձայնագրերի շնորհիվ, ուղեւորներին Բեռլինում կցումներ կտրամադրվեն ցանկցած քաղաքի ուղղությամբ, ուր չվերթեր է կատարում «Էյր Բեռլին» ավիաընկերությունը: