21 դեկտեմբերի 2022 - 18:24 AMT
Ադրբեջանն ու Սերբիան կգործակցեն ռազմական և էներգետիկ ոլորտներում

Ադրբեջանն ու Սերբիան կգործակցեն ռազմարդյունաբերության և էներգետիկ ոլորտներում։ Այդ մասին ասվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հանդիպմանը, որն այցով գտնվում է Ադրբեջանում։

Ալիևը հանդիպումից հետո ասել է, որ ակնկալում է, որ երկու երկրները գործնական քայլեր կձեռնարկեն ռազմարդյունաբերության ոլորտում գործակցության ուղղությամբ, գրում է Interfax.az-ը։

«Երկու երկրները ներուժ ունեն այդ ոլորտում և ակնկալվում է, որ գործնական քայլեր կձեռնարկվեն այդ ներուժը կյանքի կոչելու համար»,-ասել է նա։

Ալիևը նաև ասել է, որ 2023-ից քայլեր կձեռնարկվեն Սերբիա էլեկտրաէներգիա արտահանելու ուղղությամբ։

Նա հիշեցրել է, որ վերջերս համաձայնագիր է ստորագրվել Ադրբեջանից Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանման համար։

«Կաբելը, որն անցկացվելու է Սև ծովի հատակով, կհաստատի, որ Ադրբեջանը կարևոր մատակարար է Եվրոպայի համար այդ ոլորտում»,-ասել է նա։