21 դեկտեմբերի 2022 - 19:04 AMT
Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել արցախահայությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ՝ ներկայացրել Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակներով Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումով, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Նա ներկայացրել է նաև հումանիտար աղետը կանխելուն ուղղված աշխատանքները։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել արցախահայությանը՝ նշելով, որ իրենց աղոթքներում միշտ հիշատակում և խնդրում են Աստծուն զորավիգ լինել Արցախին ու նրա ժողովրդին։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։