Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել այն, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր մոտ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,-ասել է Հունանյանը Արմենպրեսի հարցին ի պատասխան։
«Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները»,-ասել է նա։
Ավելի վաղ այն մասին, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հրաժարվել է մասնակցել, հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ափսոսանք է հայտնել, որ նախատեսված հանդիպումը չի կայանա, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Լավրովն ու Բայրամովը քննարկել են «իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, որտեղ իրավիճակը սրվել է Լաչինի միջանցքի արգելափակման և հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով»։
Նշվում է, որ Լավրովն ընդգծել է, որ հարկավոր է «անշեղորեն պահպանել եռակողմ պայմանավցորվածությունները՝ ՀՀ և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով անարգել կապի ապահովման վերաբերյալ»։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը,ասել է, որ որ փաստացի պարտավորությունները, այն է՝ վերահսկողության տակ պահել միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։