26 դեկտեմբերի 2022 - 11:09 AMT
ԿԽՄԿ միջոցով 10 տոննա հումանիտար բեռ է անցկացվել Լաչինի միջանցքով

ԿԽՄԿ միջոցով 10 տոննա հումանիտար բեռ է անցկացվել Լաչինի միջանցքով։ Այդ մասին ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նաև Արցախից 4 օտարերկրացի է տեղափոխել Հայաստան, ովքեր խրոնիկ առողջական խնդիրներ ունեն՝ իրենց երկրների ներկայացուցչների դիմումների հիման վրա։

Հումանիտար օգնության առաջին խմբաքանակը Արցախ մուտք է գործել Արցախի շրջափակման 14-րդ օրը։

«Ե՛վ բեռնատարներ ենք տրամադրել՝ 10 տոննա մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու համար, և անվտանգ փոխադրումն ենք ապահովել։ Այդ օգնությունը ներառում է նախ և առաջ դեղորայք, մանկական սնունդ, որոնք փոխանցվել են համապատասխան բուժհաստատություններին»,-ասել է Ամատունին։

Նա հիշեցրել է, որ մարդասիրական բեռի տեղափոխումն ու, առհասարակ, ԿԽՄԿ ներգրավմամբ ցանկացած գործողություն իրականացվում է ՀՀ և Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված կարգով։

ԿԽՄԿ ներկայացուցիչը նաև նշել է, որ դեկտեմբերի 24-ին ևս մեկ մեքենայով դեղորայք է ուղարկվել Արցախ ու տրամադրել բուժհաստատություններին։

«Չորս ամսական փոքրիկին Հայաստան տեղափոխելուց հետո, հետ գնացող մեքենաներից մեկը բեռնվել է դեղորայքով, որը փոխանցվել է դարձյալ բուժհաստատություններին»,-ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։