29 դեկտեմբերի 2022 - 10:26 AMT
ԱՀ կառավարություն․ Base Metals-ի հետ որոշվել է ժամանակավոր դադարեցնել հանքավայրի շահագործումը

Արցախի կառավարությունը հայտնել է, որ Base Metals ընկերության հետ համատեղ որոշվել է ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը և դիմել միջազգային կազմակերպություններին՝ փորձաքննություն իրականացնելու համար։

ԱՀ կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատել է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները:

«Հաշվի առնելով սակայն հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ Base Metals ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ընկերության հանքավայրի շահագործումը՝ մինչև փորձաքննության ավարտը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:

Նշվում է նաև, որ Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ամբողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Սակայն, տեղում, հանքի աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի մասին տեղեկացվել էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց միջնորդությամբ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց։