Իրանի ԻՀՊԿ գեներալ Ալիռեզա Թանահին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դասեր քաղել Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և չկրկնել Սադամ Հուսեյնի սխալը։
«Ադրբեջանի իշխանությունը պետք է դասեր քաղի Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, և ուշադիր լինի, թե ինչ արեցին ամերիկացիներն ու եվրոպացիները Ուկրաինայի ժողովրդի հետ»,- հայտարարել է Թանահին՝ Աստարայի մզկիթում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի ոգեկոչման արարողության ժամանակ, գրում է Regionmonitor.com-ը։
Իրանցի գեներալը զգուշացրել է, որ ցանկացած երկիր, որը նպատակ կունենա հարձակվել Իրանի վրա, կարժանանա Թեհրանի հակահարվածին։
«Ադրբեջանը լավ կլինի՝ չկրկնի Սադամի սխալը։ Սադամը հարձակվեց Իրանի վրա, երբ տասնյակ անջատողական, խռովարար և ահաբեկչական խմբավորումներ էին գործում ամբողջ երկրում, Սադամը կարծում էր, որ եթե հարձակվի Խուզեստանի վրա, ապա այդ նահանգի բնակիչները իր կողմը կանցնեն»,-ասել է նա: