7 հունվարի 2023 - 10:48 AMT
Միրզոյանը՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարին․ Ադրբեջանի գործողություններն ուղղված են 120,000 արցախահայության էթնիկ զտմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ահագնացող հումանիտար իրավիճակը:

Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են 120 հազար արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելուն:

Ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները` ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության հստակ քայլերը` ուղղված Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքի վերականգնմանը և հումանիտար աղետի կանխարգելմանը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։