ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով Արմենպրեսի հարցերին և մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, ասել է, որ Հայաստանը երբևէ չի համաձայնվի արտատարածքային միջանցքի տրամադրմանը։
Ադրբեջանի նախագահը հարցազրույցում, հերթական անգամ խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ընդունել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այդ տերմինը չկա: Միաժամանակ, սպառնացել է թե «միջանցքը լինելու է՝ անկախ նրանից Հայաստանը ցանկանում է դա, թե ոչ»:
Հունանյանը նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված է նոյեմբերի 9-ի հայտարարությանը համահունչ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ:
«Մենք պատրաստ ենք ազգային օրենսդրության շրջանակում դա իրականացնել ամենակարճ ժամանակահատվածում՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության պահպանման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Միաժամանակ, Հայաստանը երբևէ չի համաձայնվի արտատարածքային միջանցքի տրամադրմանը։
Ողջունելի է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջապես ինքն էլ անկեղծորեն նշում է, որ այսպես կոչված միջանցքի մասին արվող պնդումները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ որևէ աղերս չունեն: Հայտարարության մեջ կա հիշատակում միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին, որն էլ ավելի քան մեկ ամիս է ապօրինի կերպով շրջափակված է Ադրբեջանի կողմից։
Իսկ ուժով միջանցք բացելու մասին սպառնալիքները ևս մեկ անգամ ակնառու կերպով ի ցույց են դնում միջազգային իրավունքում առանցքային դեր ունեցող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների նկատմամբ պաշտոնական Բաքվի բացարձակ արհամարանքը»,-ասվում է մեկնաբանության մեջ:
Հունանյանը հավելել է, որ հերթական անգամ պետք է արձանագրել որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումները լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի իր ասուլիսում չի բացառել, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է՝ «Զանգեզուրի միջանցքի» իր ակնկալիքները բավարարելու նկրտումով։ «Չենք կարող բացառել, բայց դա մեր վերաբերմունքը չի փոխում»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը բացառվում է, միջանցքի խոստում Ադրբեջանին չի տրվել։