Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է հանգուցալուծվելու Լաչինի միջանցքի հարցը, հատկապես որ տարաձայնություններ են ի հայտ եկել Արցախի և Հայաստանի միջև, հայտարարել է, որ Հայաստանը չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին։
Արցախի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնեչցրած տեակատներն և պնդումները հակասում են Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:
Նա հավելել է, որ Արցախի իշխանությունները Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու և ուղիղ խոսելու հնարավորություն ունեն և հենց իրենք են զբաղվում խնդրով, իսկ Հայաստանը սատար կկանգնի Արցախի յուրաքանչյուր որոշման, հայտնում է «Ազատությունը»։
Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ անհասկանալի է` եթե խոսող կողմը Ստեփանակերտն է, ի՞նչ անհամաձայանություն կարող է լինել։ Իսկ Արցախի իշխանությունները, ըստ Ազգային ժողովի նախագահի, անմիջական կապի մեջ են եղել ադրբեջանական կողմի հետ։ Նա նշել է նաև, որ շփումներ եղել են նաև Արցախի շրջափակման առաջին երկու շաբաթներին, սակայն այս փուլում այդ շփումները դադարել են։ Թե ովքեր են եղել Արցախի կողմից բանակցողները, Ալեն Սիմոնյանը անուններ չի տվել։
«Մինչև վերջին ժամանակները ես գիտեի, թե ով էր խոսում և ինչպես էին խոսում։ Նաև նախագահի հետ կապ կար, և տարբեր ձևերով խողովակներ կան, որոնք էդ խոսակցությունները... չէր կարա չլիներ։ Հիմա որ ասեմ չի եղել ու երբևիցե չի լինում, սուտ կլինի։ Պարզ ա, որ իրանք ինչ-որ ձևով խոսում են և շփվում են»,-ասել է Սիմոնյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի հարցով, Ազգային ժողովի նախագահը պնդել է, որ եթե Հայաստանը կողմ դառնա, ուրեմն չեղյալ կհայտարարի եռակողմ հայտարարությունը։ Սիմոնյանը չի բացառել, որ հենց Ադրբեջանի նպատակը դա է՝ ներքաշել Հայաստանին այս խոսակցության մեջ, որպեսզի փորձի պարտադրել նման միջանցք բացել Հայաստանի տարածքով։ Ըստ նրա, Հայաստանի արտգործնախարարը նաև այդ պատճառով չմասնակցեց իր ռուս և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ Մոսկվայում դեկտեմբերին նախատեսված եռակողմ հանդիպմանը։
«Լաչինի միջանցքի հետ կապված բանակցություններ են եղել, որ դրա պատճառով չենք գնացել էդ բանակցություններին և արտգործնախարարների հանդիպմանը։ Եվ դա մեր համար օրակարգային առաջնային խնդիր է, բայց կողմ դառնալ և սկսել քննարկել, թե դրա դիմաց մենք ինչ ենք անելու կամ բան, մենք չենք պատրաստվում։ Հայաստանից կտոր առ կտոր ինչ-որ զիջումներ են փորձելու ստանալ՝ Արցախի ժողովրդին էսպես ասած պատանդ պահելով։ Հայաստանը չպետք է գնա դրան, և մենք չենք գնալու դրան»,-ասել է ԱԺ նախագահը։
Այն հարցին, թե ինչ պատճառաբանություն են ներկայացնում Ռուսաստանի իշխանությունները հայաստանցի պաշտոնյաների հետ զրույցներում, ինչո՞ւ չեն կարողանում բացել ավելի քան մեկ ամիս փակված Լաչինի միջանցքը, արդյո՞ք մանդատը թույլ չի տալիս, թե՞ այլ խնդիր կա՝ Սիմոնյանը պատասխանել է. «Չեն ասում։ Ասում են՝ հա, կանենք։ Էս արդեն մոտավորապես էրկու տարի է պատերազմից էս կողմ՝ կանենք, հեսա կլուծենք, վայ-վայ-վայ»։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել է ինտերնետ և հեռախոսային կապն Արցախի հետ։