Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ Ադրբեջանը միտումնավոր կաթվածահար է անում Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքները, գրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան պարտավոր են վերջ դնել ադրբեջանական հանցավոր անպատժելիությանը:
Արցախի ՄԻՊ-ը շեշտել է, որ Ադրբեջանն օգտագործում է ենթակառուցվածքային խոցելիությունը՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին ահաբեկելու և հավելյալ տառապանքներ պատճառելու համար:
Ըստ ՄԻՊ աշխատակազմի հավաքագրած փաստերի՝ հունվարի 12-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի հատվածում (շրջափակման վայր) դիտավորյալ կտրել է ՀՀ-ից դեպի Արցախ եկող հաղորդակցության լարերը՝ Արցախի ամբողջ տարածքում խաթարելով հեռահաղորդակցության և ֆիքսված համացանցի հասանելիությունը։
«Օգտվելով այն հանգամանքից, որ դեպի Արցախ եկող ենթակառուցվածքներն անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ադրբեջանական կողմը միտումնավոր կաթվածահար է անում կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը, որի վառ ապացույցն են գազամատակարարման խաթարումները (2022 թ․ մարտ, 2022 դեկտեմբեր), էլեկտրական բարձրավոլտ լարերի վերականգնմանը հունվարի 9-ից խոչընդոտելը, Արցախի տարածքում համացանցի և բջջային կապի պարբերական խաթարումները։
Արցախի ամբողջական շրջափակման պայմաններում ենթակառուցվածքային ահաբեկման այս մեթոդը նպատակ է հետապնդում Արցախի խաղաղ բնակչությանը ենթարկելու հավելյալ տառապանքների և մարդկային անտանելի պայմաններ ստեղծելու Արցախում»,- շեշտել է Ստեփանյանը:
Նա նաև ընդգծել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի վարքագիծը անարգանք է մարդու իրավունքների օրակարգի, մարդասիրական արժեքների և քաղաքակրթության նկատմամբ։
«Պետություններն ու միջազգային կառույցները և, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը»,- շեշտել է Արցախի ՄԻՊ-ը:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել է ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։