20 ապրիլի 2009 - 14:18 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկը թողարկել է «Խեցգետին» ոսկե հուշադրամը
Հայաստանի կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է խեցգետին պատկերող ոսկե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները:

Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքեւ շրջագծով հայերեն եւ անգլերեն անվանական արժեքի մակագրությունն է` «DRAM 100 ԴՐԱՄ»: Զինանշանից վերեւ նշված է թողարկման տարեթիվը` «2009»: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Նշված շրջանագծի եւ եզրաշուրթի միջեւ առկա է երկրորդ գծավոր շրջանագիծը: Երկու շրջանագծերի միջեւ դաշտը բաժանված է տասներկու հավասար մասերի, որոնցում պատկերված են կենդանակերպի նշանների խորհրդանիշները: Եզրաշուրթի մոտ վերեւում հայերեն, իսկ ներքեւում անգլերեն շրջագծով մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրա խեցգետնի պատկերն է: Ներքեւի աջ մասում պատկերված է խեցգետին կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի եւ եզրաշուրթի միջեւ վերեւում լատիներեն, իսկ ներքեւում ռուսերեն նշված է համաստեղության անվանումը համապատասխանաբար` «CANCER» եւ «РАК»:

Դարձերեսի դաշտի ձեւավորման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Ու. Վալեժակը: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի անվանական արժեքը 10 հազար դրամ է, թողարկվել է 10 հազար ոսկե հուշադրամ: Հուշադրամները պատրաստված են 900 հարգի ոսկուց, տրամագիծը 22 մմ է, քաշը` 8,6 գրամ: