18 հունվարի 2023 - 11:19 AMT
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կոչ է արել Ադրբեջանին և ՌԴ-ին անհապաղ բացել Լաչինի միջանցքը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերն այդ կազմակերպության Մշտական խորհրդի հատուկ նիստում կոչ է արել Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցով անխափան տարանցումը։

«Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած է երեսուն օր շարունակ Լաչինի միջանցքը փակ լինելու փաստով, ինչը դարձել է Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի և այլ պարագաների խիստ պակասի պատճառ»,-ասել է նա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նիստը հրավիրվել էր Հայաստանի նախաձեռնությամբ:

«Կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ կերպով վերականգնել անխափան տարանցումը` պահպանելով նախկինում ստանձնած պարտավորությունները, որոնք հստակ կերպով ներառում են երաշխիքներ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժի համար երկու ուղղություններով», ասել է նա ու ավելացել, որ Լաչինի փակ լինելու հանգամանքը կարող է ծանր մարդասիրական հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար»,- ասել է նա։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին կարևոր օգնություն ցուցաբերելու համար:

«Կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել այս տարածքում ապրող բնակչության իրավունքները, անվտանգությունը և բարեկեցությունը: ԵԱՀԿ-ի բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից։

Ես նաև ակնկալում եմ բովանդակալից քննարկում Հյուսիսային Մակեդոնիայի ղեկավարությամբ Լեհաստանի նախագահի կարիքների գնահատման թիմի առաջարկությունների վերաբերյալ: ԵԱՀԿ-ն և նրա տարբեր ինստիտուտներ լավ հնարավորություններ ունեն աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման վրա և խարսխված մեր արժեքներով, սկզբունքներով և պարտավորություններով: Մենք ունենք լայնածավալ գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, և մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել:

Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վերսկսել բովանդակալից բանակցությունները՝ լուծելու իրենց վեճերը։ Համապարփակ խաղաղության համաձայնագիրը միակ ճշմարիտ ուղին է դեպի երկարատև խաղաղություն՝ հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա։ Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին հետաքննել ենթադրյալ վայրագությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- նշել է նա։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Քարփենթերն իր հայտարարությունը եզրափակել է հետևյալ խոսքերով. «Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմանի, բազմակողմ գործընկերների միջոցով, ինչպիսին է Եվրամիությունը, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, այս հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման հասնելու համար»։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։