20 ապրիլի 2009 - 16:18 AMT
Բաքվի արտահայտությունները Ղարաբաղի հարցում օգոստոսյան պատերազմից հետո մեղմացման միտում ունեն
Ընդհանուր առմամբ, Ղարաբաղի հարցում ադրբեջանական հռետորությունը Վրաստանում օգոստոսյան պատերազմից հետո մեղմացման միտում ունի: Բաքվում արդեն պատրաստ են հավանություն տալ վստահության միջոցներին (Մոսկովոյան հռչակագրի 5-րդ կետը), հաշվի առնել Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային կապ պահպանելու եւ անվտանգ ապրելու ղարաբաղցիների ցանկությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության խորհրդի նախագահ Մասիս Մաիլյանը: Նրա խոսքերով, Լոեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվել է 1991թ. հանրաքվեում եւ հաստատվել է հանրապետության քաղաքացիների կողմից մեկ այլ հանրաքվեի ժամանակ 2006թ., երբ ընդունվեց ԼՂՀ Սահմանադրությունը: «Բացի այդ, ղարաբաղցիները 8 անգամ անուղղակիորեն հաստատել են իրենց հավատարմությունը ԼՂՀ անկախ կարգավիճակին բոլոր համահանրապետական քվեարկություններում ԼՂՀ խորհրդարանի պատգամավորության թեկնածուների եւ ԼՂՀ նախագահի թեկնածուների ծրագրերի օգտին, որտեղ ԼՂՀ անկախ կարգավիճակի միջազգային ճանաչումն առաջնային խնդիր է մնում: Ինչ վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին միակողմանի որոշմանն, ապա փաստն այն է, որ 1991թ. պայմաններ էին ստեղծվել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչները մասնակցեն հանրաքվեին, իսկ ադրբեջանական փոքրամասնության համար քվեաթերթիկներ էին պատրաստվել ադրբեջաներեն լեզվով: Այն հարցի պատասխանը, թե ինչու ադրբեջանցիները չօգտվեցին իրենց իրավունքից եւ անտարբեր գտնվեցին Ղարաբաղի ապագայի հարցում, հարկավոր է որոնել Բաքվում: Այժմ ոչ մի անհրաժեշտություն չկա, որ ինչ-որ մեկը մասնակցի Ադրբեջանից Ղարաբաղի իրավաբանական անջատմանը: Այսօր խոսք կարող է գնալ միայն ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման արդյունքների ճանաչման մասին»,-ընդգծել է Մաիլյանը:

Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշումը կարող է հետաձգվել անորոշ ժամանակով: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին միակողմանի որոշում լինել չի կարող: Ադրբեջանը չի տեսնում եւ երբեք չի մասնակցի այնպիսի գործընթացների, որոնք ենթադրում են Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի իրավական անջատման մեխանիզմ: Մեր այս դիրքորոշումը միանշանակ է»,-ասել է Ալիեւը: