18 հունվարի 2023 - 12:23 AMT
ԱԳ նախարարը ԵԱՀԿ-ում խոսել է Երևանի նկատմամբ Ալիևի աճող տարածքային պահանջների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում հայտարարել է, որ հայկական կողմը բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ նույնիսկ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումից հետո Ադրեջանը կշարունակի իր անհեթեթ տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ։

Միրզոյանը նշել է, որ սեպտեմբերյան ագրեսիան, ինչպես նաև նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանի հարձակումներն ու սադրանքները, պետք է դիտարկել Հայաստանի, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի, նկատմամբ անընդհատ աճող և Ադրբեջանի նախագահի կողմից մշտապես հնչող տարածքային պահանջների ֆոնին, որոնք կրկնվում են այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և ուղեկցվում են ուժի կիրառման ակնհայտ սպառնալիքներով։

Նախարարը մասնավորապես խոսել է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքի մասին։

«Մենք համոզված ենք, որ առանց սահմանի սահմանազատման հստակ համաձայնեցված չափորոշիչների անհնար կլինի հասնել կայուն խաղաղության։ Այս առումով չափազանց կարևոր են Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ Ալմաթիի հռչակագրին և դրան հաջորդող արձանագրություններին հղում կատարելը։ Սակայն իր հետագա մեկնաբանություններում Ադրբեջանի նախագահը, պնդելով, որ Հայաստանն այդպիսով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդպես էլ չհաստատեց Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը», - նշել է Միրզոյանը:

Ըսը նրա` Ադրբեջանը խոչընդոտում է հանձնաժողովների աշխատանքը:

«Նախ, չնայած Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի և Եվրոպական Խորհրդի նախագահի կողմից հյուրընկալված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որ հանձնաժողովը պետք է ունենա երկակի մանդատ և աշխատի սահմանազատման և սահմանակից տարածքների անվտանգության կայուն իրավիճակի շուրջ, Ադրբեջանը հրաժարվեց հանձնաժողովների վերնագրում ներառել «սահմանային անվտանգություն» տերմինը, ինչը բացահայտ ցույց էր տալիս նրա իրական մտադրությունները:

Այնուհետև՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին չհիմնավորված և չարդարացված լայնածավալ ռազմական հարձակում Հայաստանի Հանրապետության հարավային և հարավ-արևելյան ուղղություններով, ինչը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի այլ հատվածների օկուպացմանը։ Զոհվել է ավելի քան 200 զինծառայող։ Սահմանամերձ գավառների քաղաքներն ու գյուղերը անխտրական կերպով գնդակոծվել են։ Այս ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինուժը իրականացրել է պատերազմական հանցագործություններ, արտադատական սպանություններ, հայ զինվորականներին, այդ թվում՝ կանանց ենթարկել ամենացնցող ու սարսափելի նվաստացման ու խոշտանգումների։ Այս փաստերը գրանցվել են հենց ադրբեջանցի զինծառայողների կողմից և տեղադրվել սոցիալական տարբեր կայքերում՝ ակնհայտորեն հայկական կողմին վախեցնելու նպատակով»,-ասել է նա։

Նա հավելել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում նույնպես եղել են միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներ։

«Առայժմ մենք չենք տեսնում այս քաղաքական գծի փոփոխության որևէ նշան, այն է՝ տարածքային պահանջներից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու և խաղաղությանը հավատարիմ մնալու Ադրբեջանի պատրաստակամությունը: Այս պայմաններում մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ նույնիսկ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումից հետո Ադրեջանը կշարունակի իր անհեթեթ տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ»,-ասել է Միրզոյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ։