19 հունվարի 2023 - 10:07 AMT
ՊՆ․ Վաշտի կացարանում բռնկված հրդեհից 15 զինծառայող է զոհվել, ևս 3-ի վիճակը ծանր է

ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից նախնական տվյալներով 15 զինծառայող է զոհվել, ևս 3-ի վիճակը ծանր է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ։

Ըստ ԱԻՆ տվյալների՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Այրվել է շինությունը՝ մոտ 104 քմ։

ՊՆ զորամասում հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողները տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ:

ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, ընթանում է նախաքննություն: