19 հունվարի 2023 - 11:10 AMT
Բլինքենը կարևորել է Լաչինի անխափան աշխատանքը և նշել` բանակցությունների վեսկսումը խաղաղության միակ ճանապարհն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Վարչապետը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության և փաստացի խախտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ:

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցի մասին գրառում է կատարել Twitter-ում։

«Հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունների վերսկսմանն ուղղված քայլերի մասին, որը միակ ուղին է դեպի երկու երկրի միջև կայուն խաղաղություն։ Ես նաև խորին մտահոգություն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակի վատթարցման վերաբերյալ»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։