ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ցավակցություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունվարի 19-ին հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ:
«ՀԱՊԿ քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում հրդեհից ՀՀ ԶՈւ 15 զինծառայողի մահվան կապակցությամբ։ Մենք խորը վշտով ընդունեցինք զինվորականների ողբերգական մահվան լուրը։ Զոհվածների ընտանիքների, հարազատների և մերձավորների հետ կիսում ենք անդառնալի կորստի իրենց պատուհասած դառնությունը և զորակցության խոսքեր փոխանցում նրանց այս դժվարին պահին։ Տուժածներին և վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,–ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ցավակցական ուղերձում։
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 7 անձ վնասվածքներ է ստացել, որոնցից մեկը սպա է։