19 հունվարի 2023 - 16:15 AMT
ԱԳՆ․ Ցնցված ենք երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի անթույլատրելի վերաբերմունքից

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելու և իրավունքները խախտելու դեպքը Լաչինի միջանցքում, հայտարարել է, որ հայկական կողմը ցնցված է երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։

«Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով մոտ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։

Ինչպես ակնհայտորեն երևում է հենց ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում, ահաբեկիչներին հատուկ վարքագիծ ցուցաբերող «էկո-ակտիվիստները» կանգնեցրել են Լաչինի միջանցքով երեխաներին տուն՝ Լեռնային Ղարաբաղ, տեղափոխող փոխադրամիջոցը, ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել, դիմակավորված ներխուժել փոխադրամիջոց, անօրինական կերպով տեսանկարահանել երեխաներին և հոգեբանական բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Այս ամենի հետևանքով երեխաները ենթարկվել են հոգեբանական ահաբեկման, նրանցից մեկն ուշաթափվել է։

Ադրբեջանական կողմի այս գործողություններն այդ երկրում պետական մակարդակով իրականացվող հայության նկատմամբ ատելության և թշնամանքի, Լեռնային Ղարաբաղի հայությանը տեղահանելու քաղաքականության վառ օրինակներից են, որը հասնում է անգամ երեխաներին թիրախավորելու մակարդակի։ Նմանօրինակ վարքը որևէ արդարացում չունի թե՛ միջազգային իրավական, թե՛ մարդկային-բարոյական հարթությունում»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջտ:

Նշվույմ է, որ Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու կառույցները, քաղաքակիրթ մարդկության ներկայացուցիչները պետք է հստակ գնահատական տան ադրբեջանական կողմի այս արգահատելի գործելակերպին` նմանօրինակ նոր դեպքեր թույլ չտալու համար։

Հունվարի 17-ին Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ընտանիքից կտրված արցախցի 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ Շուշի-Քարին տակ հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են մեքենան, ներխուժել ու սկսել նկարահանել, երեխաներից մեկն ուշաթափվել է։

Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։