20 հունվարի 2023 - 12:24 AMT
Բայրամովը՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցչին․ Պատրաստ ենք բանակցել ՀՀ հետ ամենասեղմ ժամկետում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցել Հայաստանի հետ։

«Չնայած Հայաստանի ապակառուցողական դիրքորոշմանը, Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների համար նոր հանդիպման ամենասեղմ ժամկետում»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։

Բայրամովը կրկնել է ադրբեջանական այն թեզը, թե Լաչինի միջանցքը փակ չէ և, որ այնտեղ հումանիտար ճգնմաժամ ստեղծելու վերաբերյալ մեղադրանքները «չեն համապատասխանում իրականությանը»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ տարածաշրջանում լարվածության աճը մտահոգիչ է և, որ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակությունը։

Ավելի վաղ հայկական կողմը հրաժարվել էր Մոսկվայում կայանալիք ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելուց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակի պատճառով։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։