20 հունվարի 2023 - 17:27 AMT
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել վարչակազմին քննարկել օդային փոխադրումը ԼՂ և Բաքվի դեմ պատժամիջոցների հարցը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել քննարկել արտակարգ իրավիճակում օդային փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառման հարցը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը

Նամակն ուղղված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերին։

«Ես միացել եմ իմ գործընկերներին, որոնք կոչ են անում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերին՝ առավելագույն ճնշում գործադրելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի նա դատապարտի մեկ ամսից ավելի տևող Լաչինի միջանքնցի շրջափակումը՝ կանխելով հումանիտար ճգնաժամի վերածումն աղետի»,-ասվում է գրառման մեջ։

Նամակում նաև ասված է. «Լաչինի միջանցքի վերաբացման ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի գործում։ Չնայած շրջափակման և անմեղ քաղաքացիների վրա ունեցած ողբերգական ազդեցության հստակ փաստագրված ապացույցներին, նախագահ Ալիևը շարունակում է ստել ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը` հայտարարելով, որ շրջափակում չկա: Տագնապալի է նաև այն, որ Ալիևը հայտարարել է, թե Արցախից մեկնելու ճանապարհը բաց է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի։ Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը Արցախից հեռացնելու և նրանց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար: Մինչդեռ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահները քիչ բան են արել միջանցքը փակող ադրբեջանցիներին ցրելու կամ իրավիճակը թուլացնելու համար», հայտնում է Հանրային ռադիոն։

Կոնգրեսականները նաև տեղացիներին օդային օգնություն հասցնելու կոչ են արել և հորդորել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:

«Միացյալ Նահանգները պետք է նաև դիտարկի Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու բոլոր առկա տարբերակները, ներառյալ մատակարարումների հնարավոր օդային փոխադրումը` կանխելու սովի իրական սպառնալիքը:

Բացի այդ, մենք կարծում ենք, որ այս շրջափակման հետևում կանգնած իշխանությունների դեմ այնպիսի պատժամիջոցների կիրառումը, ինչպիսին է Մագնիտսկու պատժամիջոցները, հիմնավորված է և տեղին՝ հաշվի առնելով այն լուրջ վտանգը, որին ներկա պահին բախվում է Արցախի ժողովուրդը»,-ասվում է նամակում։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել էր։

Photo. Getty Images