ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու 3 միջնորդություն է ներկայացվել, լրագրողների հետ զրույցում ասել է, որ շատ հանգիստ է ընդունում այդ ամենը և գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը հերթական շոուն է։
Նա ասել է, որ լրագրողներից է տեղեկացել և դեռևս չի հասցրել ծանոթանալ բովանդակությանը, հայտնում է «Փաստինֆոն»։
«Մինչ այս որևէ տեղեկություն չեմ ստացել ո՛չ Դատախազությունից, ո՛չ ԱԺ նախագահից, ո՛չ էլ որևէ հարցաքննության ժամանակ քննչական մարմիններն ինձ ասել են, որ կարող է նման միջնորդություն լինել։ Երբ ստանամ փաստաթղթերը, ծանոթանամ բովանդակությանը, հավելյալ տեղեկություններ անպայման կներկայացնեմ»,- ասել է Օհանյանը։
Թե ինչ հարցաքննությունների է մասնակցել, Օհանյանը հրաժարվել է պատասխանել։ Միայն ասել է, որ այդ միջնորդագիրը Հայաստանում տիրող իրավիճակից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակ ունի։
«Այսօվա իշխանությունները փոխարեն զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդիրներով և ամենակարևորը՝ երեկ ահասարսուռ, աղետալի դեպք է տեղի ունեցել ԶՈՒ-ում, փոխարեն դրանով զբաղվեն, փորձում են այս տեղեկությամբ շեղել»,- նշել է «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Հայտնի է դարձել նաև, որ ԱԺ-ն ստացել է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։