21 հունվարի 2023 - 11:20 AMT
Մարուքյան․ Կյանքի ցանկացած ճանապարհի շրջափակում ագրեսիայի ակտ է

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է։

Մարուքյանը հավելել է, որ կյանքի ցանկացած ճանապարհի շրջափակում ագրեսիայի ակտ է։

«Օր 40-րդ։ Ադրբեջանի հրահրած հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է։ Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է, որը մարդկության դեմ հանցագործություն է։ Կյանքի ցանկացած ճանապարհի շրջափակում ագրեսիայի ակտ է։ Պետք է իրերն իրենց անուններով կոչենք»,-ասվում է հունվարի 20-ին արված գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել էր։ Հունվարի 20-ին ադրբեջանական կողմը մասամբ բացել է գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը վերականգնվել է որոշակի սահմանափակումներով: