21 հունվարի 2023 - 12:36 AMT
ՆԱՏՕ-ն ամփոփել է Կոլոմինայի այցը Հվ․ Կովկաս․ Քննարկվել է իրավիճակը Լաչինում

ՆԱՏՕ-ն ամփոփել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի այցը Հարավային Կովկաս, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Հայաստանում և Ադրբեջանում՝ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը և իրավիճակը Լաչինի միջանցքում։ Այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի հունվարի 20-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Կոլոմինայի այցը ՆԱՏՕ-ի գործընկեր այդ 2 կարևոր երկրներ կանոնավոր քաղաքական խորհրդատվությունների մաս է կազմել։

«Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը ՀՀ և Ադրբեջանի հետ, ինչպես նաև այդ երկրների ներդրումը եվրաատլանտյան անվտանգության մեջ։ Կոլոմինան նաև կարծիքներ է փոխանակել տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Լաչինի միջանցնքում իրավիճակի վերաբերյալ։ Նա կարևորել է ազատ տեղաշարժն ու հումանիտար հարցերը լուծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև բանակցությունների վերսկսումն ու աշխատանքը կարգավորման ուղղությամբ։ Կոլոմինան նաև ողջունել է ԵՄ դերը տարածաշրջանային անվտանգությանը նպաստելու գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ-ում Կոլոմինան հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնյաների հետ, իսկ Ադրբեջանում՝ այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։

Փաշինյանի հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջանցքի անխափան գործունեության ապահովումը: Խավիեր Կոլոմինան հավելել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ և իր աջակցությունն է հայտնում այդ ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերին: