21 հունվարի 2023 - 15:16 AMT
Թեհրանի քաղխորհրդի նախագահ․ Ունենք ներուժ՝ փոխանցելու գիտելիք ու փորձ Երևանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանի հետ, որն առանձնակի կարևորել է Երևանի և Թեհրանի միջև հաստատվող գործակցությունն ու նկատել, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է մեծ հնարավորություն:

«Մեզ համար ողջունելի է ունենալ կառուցողական գործակցություն, և մենք էլ մեր հերթին պետք է ջանքեր գործադրենք, որ նախանշվող ծրագրերն իրականություն դառնան: Թեհրանն իսկապես ունի ներուժ՝ փոխանցելու գիտելիք ու փորձ Երևանին, մենք ևս պատրաստ ենք օգտվել ձեր փորձառությունից»,- նշել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանի հետ, և համոզմունք հայտնել, որ երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև ևս հեռանկարներ կբացվեն՝ նաև այդ մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

«Մեր պատմություններն ու մշակույթները փոխկապակցված են, դրա համար է նաև, որ իրանահայերը դարձել են Իրանի մի մասնիկն ու իրենց լուման են ունենում պետության զարգացման գործում: Այսօր մենք էլ մեր հերթին ստեղծում ենք մի պատմություն, որը ևս փոխանցվելու է սերունդներին»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Հաշվի առնելով, որ խոշոր քաղաքների խնդիրները միանման են, կողմերն առանձնակի կարևորել են փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Հանդիպմանը ներկա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն իրենց հերթին նշել են, որ ավագանին պետք է օգնի մայրաքաղաքների գործակցության և փաստաթղթերում հաստատված դրույթները կյանքի կոչելու գործում:

Այցի շրջանակում Երևանն ու Թեհրանը հռչակվել են քույր քաղաքներ։ Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին երկու մայրաքաղաքների միջև ստորագրել են նաև աշխատանքային ծրագիրը, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տրանսպորտի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: