23 հունվարի 2023 - 10:58 AMT
Կլաարը կրկին Երևանում է․ Իրավիճակը Լաչինի շուրջ լուրջ է՝ շտապ լուծում է հարկավոր

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ իրավիճակը Լաչինի միջանցնքի շուրջ լուրջ է՝ շտապ հարկավոր է լուծում գտնել։

«Կրկին Երևանում եմ՝ մեկօրյա հանդիպումների նպատակով։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ առաջխաղացման ուղիները գտնելու համար: Եվրամիության նպատակը մնում է նույնը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորում», - ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։