25 հունվարի 2023 - 12:36 AMT
ՀՀ-ն ամբողջական գանգատ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանի դեմ

Հունվարի 23-ին շուրջ մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՀՀ անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ Ադրբեջանի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում:

Այդ պահանջներն ընդհանուր առմամբ վերաբերում են Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի և հայկականության նկատմամբ տարվող ատելության և խտրական վերաբերմունքի հետևանքով առաջացած խախտումների արձանագրմանը և պատճառված վնասի հատուցմանը:

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ներկայացրել էր գանգատ ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Դատարանը սահմանել էր ժամկետ ամբողջական գանգատի և ապացույցների ներկայացման համար մինչև 2023 թվականի հունվարի 23-ը: