20 ապրիլի 2009 - 22:09 AMT
ՀԱՊԿ. Վրաստանում զորավարժություններ անցկացնելու ՆԱՏՕ-ի մտադրությունը սադրանք է
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան սադրիչ է անվանել 2009թ. մայիսին Վրաստանի տարածքում զորավարժություններ անցկացնելու ՆԱՏՕ-ի մտադրությունը: Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումն ոչ այլ ինչ է, քան այն ագրեսիվ գործողությունների աջակցությունը, որոնք ձեռնարկեց Միխաիլ Սահակաշվիլիի ռեժիմը իր իսկ քաղաքացիների դեմ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում: Սա ոչ այլ ինչ է, քան Կովկասում իրավիճակը սրելու փորձ»,-հայտարարել է Ն.Բորդյուժան լրագրողներին Բիշքեկում, որտեղ նա գտնվում է եռօրյա այցով, հաղորդում է ՌԲԿ-ն:
2009թ. մայիսի 6-ից հունիսի 3-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում տեղի կունենան զորավարժություններ, որոնց ընդհանուր առմամբ վրացական կողմի հետ կմասնակցեն շուրջ 1 հազար 300 զինծառայողներ 19 երկրներից: Զորավարժությունները տեղի կունենան Վազիանիում` Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմակայանում:
Դաշինքի ներկայացուցիչներն առաջարկել են Ռուսաստանին միանալ Վրաստանի տարածքում 2009թ. մայիսին կայանալիք զորավարժություններին, սակայն Ռուսաստանը հրաժարվել է մասնակցությունից: