26 հունվարի 2023 - 18:49 AMT
Սիմոնյանը՝ Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին․ ՀՀ-ում ենթակառուցվածքի զարգացման, ներդրումների խնդիր կա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Շեյխ Համադ բին Խալիֆա բին Ահմադ Ալ-Թանիին: ԱԺ նախագահը նշել է, որ աշխարհի խաղերի կազմակերպումը մեծ մարտահրավեր էր Կատարի համար, ինչը պատվով ընդունեց երկիրը:

Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ևս ֆուտբոլն ամենադիտարժան եւ տարածված մարզաձևն է, և ենթակառուցվածքի զարգացման, ներդրումների խնդիր կա:

Հանդիպումը նախաձեռնած Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը ներկայացրել է մեկ ամիս առաջ Դոհայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո իրականացվելիք ծրագրերը:

Հանդիպմանը Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին է փոխանցվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկը՝ առաջիկայում Հայաստան-Կատար ազգային հավաքականների ընկերական խաղ անցկացնել: Առաջարկը սիրով ընդունվել է:

Դոհայում քննարկվել են նաև հայ-կատարական խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցության խթանման հարցերը։ Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամական խմբերի ու փոխայցերի առանցքային նշանակությունը: Նշվել է, որ Կատարի խորհրդարանում արդեն ստեղծվել է Կատար-Հայաստան բարեկամական խումբը: Երկու բարեկամական խմբերի միջեւ ստորագրվելիք համագործակցության հուշագրի պատրաստման աշխատանքների մեկնարկի շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: