26 հունվարի 2023 - 19:03 AMT
ՌԴ հայերի միությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահին

Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) պահանջել է անհապաղ ազատ արձակել Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանին և ակտիվիստ Էլեն Կիրակոսյանին, որոնք ձերբակալվել են հայկական եկեղեցու տարածքում ի աջակցություն Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի հավաք անցկացնելու համար։ Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Նազարյանի և համայանքի անդամ Կիրակոսյանի ձերբակալությունը ՌՀՄ-ն որակվել է որպես «պայթյունավտանգ քաղաքական սադրանք», որի նպատակն է հակահայկական տրամադրություններ հրահրելը ռուսաստանյան հասարակության մեջ և հակառուսական տրամադրությունների՝ հայ հանրության շրջանում։

ՌՀՄ-ն իր կտրուկ անհամաձայնությունն է հայտնել Եկատերինբուրգի Լենինի շրջանի դատարանի որոշման հետ, որը «ցուցադրական կոշտ պատիժ է սահմանել՝ 5 օրվա վարչական կալանքի դատապարտելով Եկատերինբուրգի «Անի-Արմենիա Հայ համայնքի» ղեկավար Մասիս Նազարյանին և ակտիվիստ Էլեն Կիրակոսյանին՝ հայ եկեղեցու տարածքում Արցախի բնակիչներին հումանիտար աջակցության ակցիայի համար»։

«Կարծում ենք, որ ի պաշտպանություն Արցախի խաղաղ միջոցառումը նաև ակցիա է ի պաշտպանություն ռուս խաղաղապահների, ովքեր այսօր ապահովում են արցախցիների կյանքն ու անվտանգությունը, ինչն ակնհայտորեն դուր չի գալիս ոչ միայն պաշտոնական Բաքվին, այլև Ադրբեջանի օտարերկրյա գործակալներին, որոնք այսօր, ըստ ամենայնի, ներդրված են ռուսական բազմաթիվ կառույցներում և փորձում են ռուսներին թելադրել սեփական կանոնները։

Ցավոք, Սվերդլովի շրջանում երկար տարիներ նման խնդիրներ են ունեցել ոչ միայն հայերը, այլև այլ ազգությունների ներկայացուցիչներ, որոնց պարբերաբար պարտադրվում են, այդ թվում՝ տեղական իշխանությունների թողտվությամբ կամ աջակցությամբ, իրենց խորթ բարոյական դրույթներ։

Այս ֆոնին Ռուսաստանում պաշտոնապես գործող հայկական հասարակական կազմակերպության կողմից անցկացված միջոցառման նկատմամբ իրավապահների անիմաստ զգոնությունը հուշում է դատավորի կողմից կայացված որոշման պատվիրված և կողմնակալ լինելու մասին»,-աված է ՌՀՄ հայտարարության մեջ։

Ռուսաստանի հայերի միությունը հրավիրել է ՌԴ նախագահի աշխատակազմի, գլխավոր դատախազության, ՌԴ ազգությունների գործերով դաշնային գործակալության, Սվերդլովի նահանգապետի ու այլոց ուշադրությունն այն վտանգների վրա, որոնք պարունակում են այդ գործողությունները։

ՌՀՄ-ն պահանջել է անհապաղ ազատ արձակել Նազարյանին և Կիրակոսյանին, քանի որ նրանց գործողությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում առաջադրված մեղադրանքին։

«Ռուսաստանի հայերի միությունը կապի մեջ է մեր հայրենակիցների հետ՝ նրանց անհրաժեշտ իրավական աջակցություն ցուցաբերելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի նկատմամբ վարչական գործ է հարուցվել հանրահավաք, ցույց կամ երթ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանված կարգը խախտելու հատկանիշներով։ Նա ձերբակալվել է 5 օրով։ Նա վարչական կալանքի է ենթարկվել միայն այն բանի համար, որ այն բանի համար, որ հայերը տեղի հայկական եկեղեցու բակում դիմել են համաշխարհային հանրությանն Արցախը փրկելու կոչով։