27 հունվարի 2023 - 11:25 AMT
Դատախազությունը պահանջում է Օհանյանից 1 մլրդ 78 մլն դրամ և անշարժ գույք բռնագանձել

Հակակոռուպցիոն դատարանում հունվարի 26-ին շարունակվել է ՊՆ նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի և նրանց հետ փոխկապակցված Աննա Բադալյանի և Ֆրանսիայի քաղաքացի Ժակ Պիեռ Ֆովոյի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

Աննա Բադալյանը Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դուստրն է, իսկ Ժակ Պիեռ Ֆովոն՝ Հայաստանում Ֆրանսիայի նախկին հյուպատոսը:

Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից 1 մլրդ 78 մլն դրամ և մի շարք անշարժ գույքեր բռնագանձել, տեղեկացնում է «Հետքը»։

Դատախազը պահանջել է նաև հօգուտ Հայաստանի Հանրապետության Սեյրան Օհանյանից և Ռուզաննա Խաչատրյանից բռնագանձել LEXUS ԼX 570 մակնիշի 2009թ. արտադրության ավտոմեքենան, իսկ Ժակ Պիեռ Ֆովոյից բռնագանձել օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Վահագն թաղամասում գտնվող բնակելի տունը:

Ժակ Պիեռ Ֆովոն հաշվառված է և ապրում է Խորվաթիայում: Գ. Քոչարյանն ասաց, որ նա Հայաստան այցելում է մի քանի օրով: 2021թ. դեկտեմբերին Ֆովոն դատախազությունում բացատրություն է տվել իր անվամբ գույքերի վերաբերյալ: Ըստ Քոչարյանի՝ Ֆովոն նշել է, որ հանդիսացել է Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոսը, իսկ Ռուզաննա Խաչատրյանը եղել է Ֆովոյի ատամնաբույժը:

Ժակ Պիեռ Ֆովոն նշել է, որ Վահագնի թաղամասի տունը կառուցվել է բացառապես իր միջոցներով, որը Հայաստան է փոխանցվել իր և ծանոթների միջոցով՝ կանխիկ եղանակով, մաքսանենգ ճանապարհով: Այդ է պատճառը, որ որևէ հիմնավոր փաստաթուղթ առկա չէ: Ֆովոն չի ներկայացրել որևէ ապացույց, որ այդ գումարներն իրականում ունեցել է:

Աննա Բադալյանից բռնագանձել իր անվամբ գրանցված, սակայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող տարածքի և նույն փողոցի այլ հասցեում գտնվող շինության համապատասխան մասնաբաժինները:

Օհանյանը հայտնել է, որ ամբողջությամբ առարկում է հայցադիմումի դեմ:

«Ես ապօրինի չեմ հարստացել, այդ գույքերն ինձ չեն պատկանում»,- հայտարարել է Օհանյանը:

Դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 9-ին:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով՝ անձին պատկանող գույք է համարվում նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի, կամ որի նկատմամբ սեփականության իրավունք չի ծագել, բայց որի իրական շահառու է հանդիսանում տվյալ անձը: