27 հունվարի 2023 - 12:19 AMT
Արբիտրաժային գործով ՀՀ դեմ $326 մլն-ի հայցը մերժվել է

Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ՆՎԿՄԿ) տրիբունալը մերժել է Հայաստանի դեմ 326 միլիոն դոլարի հայցը՝ մոտ 4․5 տարի ընթացող արբիտրաժային գործի շրջանակում, որը կապված էր «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» նախագծերի հետ։ Ինչպես հայտնում է Global Arbitration Review-ն, որը միջազգային արբիտրաժային ոլորտի անցուդարձին հետևող առաջատար մասնագիտացված կայքն է, հունվարի 20-ին Տրիբունալը մերժել է Դուբայում գործող «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության և դրա ամերիկացի գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկու՝ Հայաստանի նկատմամբ բոլոր պահանջները՝ այն համարելով ժամկետանց, հայտնում է «Հետքը»։

Տրիբունալի կայացրած որոշումը բխել է քաղաքացիական հայցերի երեք տարվա վաղեմության ժամկետի պահանջից՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։ Global Arbitration Review-ն նշում է, որ Տրիբունալը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև երկկողմ ներդրումային պայմանագրին համապատասխան ներդրողների պահանջները և Հայաստանի օրենսդրությանը համապատասխան պայմանագրային պահանջները չեն հանգեցնի վնասների հատուցման, նույնիսկ եթե դրանք ժամանակին լինեին։ Տրիբունալն ընդունել է Հայաստանի փաստարկները, որ հայցվորները չեն ապացուցել պատճառահետեւանքային կապը՝ կոնցեսիայում պետության ենթադրյալ միջամտության վերաբերյալ։

Ստացվում է, որ հայցվորները ստիպված կլինեն վճարել 2.8 միլիոն ԱՄՆ դոլարի պետական ծախսերը, ինչպես նաև 11 միլիոն դոլարի իրենց սեփական ծախսերը։

Արբիտրաժային գործի դատական քննությունը ղեկավարում էր ամերիկացի միջնորդ դատավոր Ջին Քալիքին, որին օգնում էին բրիտանացի միջնորդ դատավոր Ջոն Բիչեյը և կանադացի Ջ. Քրիստոֆեր Թոմասը։ Ընդ որում, բրիտանացի միջնորդ դատավորի թեկնածությունն առաջարկվել էր ներդրողների կողմից, իսկ կանադացունը՝ հայկական կողմից։

Արբիտրաժային այս գործը Տրիբունալի կողմից ուսումնասիրվում էր արդեն ավելի քան 4․5 տարի։ Գործն առնչվում է 1992 թվականի պայմանագրի շրջանակներում երկաթգծի և մայրուղու կառուցման առնչությամբ կողմերի միջև ծագած վեճին: Այն Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) վարույթում մուտքագրվել էր 2018 թվականի օգոստոսի 3-ին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պետք է իրականացներ «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, որի տնտեսական հիմնավորված լինելու դեպքում նաև` ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը

Նախատեսվում էր, որ «Հայաստանի հարավային երկաթուղին» անցնելու էր Սյունիքի, Եղեգնաձորի և Գեղարքունիքի մարզերով: Դեռևս 2014 թվականին Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում էին, թե «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը՝ որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, դառնալու էր Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ ուղին: