27 հունվարի 2023 - 12:26 AMT
Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցիներին․ Կարծում եք` գազատարով կամ ինտերնետով զինամթե՞րք ենք տեղափոխելու

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը Լաչինի միջանցքի հարցով քննարկման ժամանակ, արձագանքելով ադրբեջանցի պատվիրակների ելույթներին, ասել է՝ միակ պատճառը, որ Ադրբեջանը դիմել է այս շրջափակմանը, հող նախապատրաստելն է էթնիկ զտումների համար։

«Կարծում եք, որ գազատարի կամ ինտերնետ մալուխների միջոցով զինամթե՞րք են տեղափոխելու»,-ասել է նա։

Իր ելույթում Մամիջանյանը նաև նշել է, թե չի կարծում, որ 3 րոպեն բավական է արձագանքնելու համար բոլոր այն կեղծ թեզերին, որոնք հնչեցրեցին Ադրբեջանի ներկայացուցիչները:

«Բայց, հարգելի’ գործընկերներ, դուք բոլորդ տեսնում եք ստեղծված իրավիճակը։ Աշխարհը, բոլոր միջազգային կառույցները ու մի շարք պետություններ հայտարարում են, որ առկա է շրջափակում, առկա է հումանիտար աղետ, իսկ մի քանի հոգի այս դահլիճում փորձում են հայտարարել, որ նման բան գոյություն չունի։

Գիտեք, բավական դժվար է փաստեր տրամադրել, երբ Ադրբեջանը մերժում է ամեն տեսակի միջազգային առաքելությունների ներկայության հնարավորությունը։ Չգիտեմ սա կարող է արդյոք փաստ ընկալվել, թե ոչ, բայց այս բանավեճի ընթացքում ես սոցիալական ցանցերի խմբերում կարդացի Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից արված առնվազն 4-5 տարբեր հրապարակումներ, և դրանցից բոլորը արված էին ծնողների կողմից, ովքեր միմյանց հարցնում էին, թե արդյո՞ք որևէ մեկը մանկական սնունդ ունի, որպեսզի վերցնեն իրենց երեխայի համար։ Սա ինձ համար լավագույն օրինակ է։

Դուք կարող եք մտածել ու ասել այն ամենը, ինչ ուզում եք զենքի և այլ անհեթեթ բաների մասին, բայց ո՞րն է գազատարի փակման, հոսանքի ու ինտերնետ կապի խափանման իմաստը։ Սա, իհարկե, աբսուրդային է, բայց ի՞նչ է՝ դուք կարծում եք, որ գազատարի կամ ինտերնետ մալուխների միջոցով զինամթե՞րք են տեղափոխելու։ Ո’չ, միակ պատճառը, որ Ադրբեջանը դիմել է այս շրջափակմանը, հող նախապատրաստելն է էթնիկ զտումների համար։

Ես գիտեմ ինչու է այս ամենը տեղի ունենում։ Կատարվածի միակ բացատրությունն այն է, որ Ղարաբաղը ձեզ համար լոկ տարածք է, իսկ մեզ համար՝ հայրենիք։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այո’, ունի սուղ քանակությամբ սնունդ, դեղամիջոցներ, գազ ու էլեկտրականություն, բայց մի քանի բան արցախցիները հաստատ ունեն՝ ունեն պատիվ, ունեն իրենց հողի վրա՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունք և, միանշանակ, ունեն ինքնորոշման իրավունք։

Լավ հիշեք, և ես սա ասել եմ բազմիցս՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,-ասել է Մամիջանյանը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։