27 հունվարի 2023 - 13:06 AMT
Միրզոյանը և ԵՄ ներկայացուցիչը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորայի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերի:

Կողմերը կարևորել են նույն օրը տեղի ունեցած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջի նիստի անցկացումը: Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև` միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում:

Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային հանձնառությունների չկատարումը և առավելապաշտական դիրքորոշումը մեծապես խաթարում է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման հայկական կողմի ջանքերը»,- ասվում է հաղորդագրությունում:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։