27 հունվարի 2023 - 13:51 AMT
Լեհաստանի Սենատի կոմիտեն բանաձև է ընդունել՝ կոչ անելով անհապաղ և առանց նախապայմանի բացել Լաչինի միջանցքը

Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ բանաձև է ընդունել՝ կոչ անելով անհապաղ և առանց նախապայմանների բացել այն:

Լեհաստանում Հայաստանի դեսպանատունը ողջունել է բանաձևի ընդունումը Twitter-ի միկրոբլոգում։

«Ողջունում ենք Լեհաստանի Սենատի արտաքին և ԵՄ հարցերով կոմիտեի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ առանց նախապայմանների և երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»,- ասված է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։