27 հունվարի 2023 - 15:46 AMT
Porsche-ն նշում է իր սպորտային մեքենաների 75-ամյակը

1948-ին արտադրելով Porsche 356 No.1 Roadster-ը, Ֆերի Պորշեն կյանքի կոչեց սպորտային ավտոմեքենա ստեղծելու իր երազանքը, ինչով նաև նշանավորվեց լեգենդար Porsche ապրանքանիշի ծնունդը՝ դառնալով օրինակելի հաջողության պատմություն: Արդեն այս տարի՝ 2023-ին, ընկերությունը նշելու է իր 75-ամյակը՝ տոնակատարություններով ու Porsche Vision 357-ով:

«Porsche-ի գործունեության 75 տարին նշանավորվում է նորարական ոգով ու երազանքով: Այս հոբելյանը տոնում ենք այն մարդկանց հետ, ովքեր ոգեշնչված են երազանքներով»,- նշում է Porsche AG-ի գործադիր խորհրդի նախագահ Օլիվեր Բլյումը:

Հոբելյանական միջոցառումների սկիզբը տրվում է «Driven by Dreams: 75 years of Porsche sports cars» հատուկ ցուցահանդեսով, որը բացվում է հունվարի 27-ին՝ Բեռլինում: Այն կգործի մինչև սեպտեմբերի 10-ը՝ այցելուներին հնարավորություն տալով ծանոթանալ Porsche-ի հաջողության պատմությանն ու նախաձեռնություններին:

Հետահայաց դեպի հայեցակարգային ճամփորդության ապագա

Porsche Vision 357-ն առաջին անգամ հնարավոր կլինի տեսնել Բեռլինում:

«Porsche Vision 357-ը յուրահատուկ ծննդյան նվեր է: Այն ընդգծում է մեր դիզայնի ԴՆԹ-ի կարևորությունը՝ հիմնված 356-ի վրա»,- նշում է Style Porsche-ի փոխնախագահ Մայքլ Մաուերը:

Ըստ նրա՝ ուսումնասիրությամբ փորձել են համահունչ կերպով համատեղել անցյալը, ներկան ու ապագան. «Չափսերը պատմական մոդելն են հիշեցնում, մեքենայի մասերն էլ թույլ են տալիս վիզուալիզացնել դեպի ապագա հայացքը»:

Porsche Vision 357-ը կառուցված է 718 Cayman GT4 RS-ի 368 կՎտ (500 ձ/ու) պլատֆորմի վրա: Դիզայնը սկզբից էլ Porsche-ի լեգենդի բազային բաղադրիչն էր, որի հիմքում հեռանկարային ուսումնասիրություններն են և կոնցեպտային մեքենաները:

Կարևորի մասին՝ տեղում

Կշարունակի իր տարեդարձի տոնակատարությունները Porsche-ն Շտուտգարտից դուրս՝ Retro Classics-ում: Փետրվարի 23-ից 26-ը դասական մեքենաների առաջատար տոնավաճառ է սպասվում, իսկ արդեն հունիսի 9-ին Շտուտգարտ-Ցուֆենհաուզենում գտնվող Porsche թանգարանը մեծ հատուկ ցուցադրություն կբացի:

Հունիսի 10-11-ին Porsche Germany-ն տարեդարձը կնշի «Երազանքների փառատոնի» (Festival of Dreams) շրջանակում, որն անցկացվում է Հոքենհայմրինգում: Տեղի Porsche Experience կենտրոնում կներկայացվեն ընկերության պատմությունն ու ապագա պլանները: Փոքրիկների համար էլ առանձին ժամանց է նախատեսված «Մանկական աշխարհում»:

Ցուցահանդեսներ ամբողջ աշխարհով

Porsche-ի 75-ամյակը կնշվի նաև Լոս Անջելեսի Փիթերսեն ավտոմոբիլային թանգարանում, Գրոսգլոկների վրա անցկացվող ավտոմոբիլային ցուցահանդեսում և Լյուցեռնում գտնվող շվեյցարական տրանսպորտի թանգարանում:

Driven by Dreams ցուցահանդեսի նյութերը «կճանապարհորդեն» Եվրոպայի ու ԱՄՆ-ի ավելի քան 60 ուղղությամբ Heritage Truck-ի միջոցով՝ հատուկ նախագծված հոբելյանի համար: Ավարտական միջոցառումները նախատեսված է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը՝ Կալիֆոռնիայում, Rennsport Reunion ավտոփառատոնով:

911-ի՝ 60, Լե Մանի՝ 100-ամյակը

Porsche սպորտային մեքենաների 75-րդ տարեդարձի տարում ևս երկու այլ մեծ տարեդարձ կա՝ լրանում է 911-ի 60-ամյակը, ինչպես նաև «Լե Մանի 24 ժամ»-ի 100-ամյակը:

1963-ի սեպտեմբերին International Motor Show-ի շրջանակում 911-ն իր հայտնի դիզայնով ու փորձով դաջվեց սպորտային մեքենաների երկրպագուների հիշողության մեջ:

Հունիսի 10-11-ին էլ աշխարհի ամենահայտնի տոկունության մրցավազքի կազմակերպիչները Սարթեի վրա կնշեն «Լե Մանի 24 ժամ»-ի 100-ամյակը:

Սպորտային մեքենաների յուրաքանչյուր արտադրող երազում է Circuit des 24 Heures du Mans-ում հաջողության մասին, և Porsche-ն սերտ կապ ունի ֆրանսիական տոկունության դասականի հետ. ապրանքանիշն ամենահաջողակն է Լե Մանում, ինչպես նաև միակը, ով 1951-ից ի վեր մշտապես ներկայացված է եղել 24-ժամյա մրցավազքում։