27 հունվարի 2023 - 17:25 AMT
ՀՀ-ում կներդրվի անտառային հրդեհների կանխարգելման իտալական մոդելը

ՀՀ-ում կներդրվի անտառային հրդեհների կանխարգելման իտալական մոդելը։ Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում»` PPRD East ծրագրով հունվարի 23-24-ը իտալացի գործընկերները Երևանում հանդես են եկել «Անտառային հրդեհների դեմ պայքարի գործիքներ և անտառային հրդեհների ազգային տեղեկագրի մշակում» դասախոսություններով։

Մասնակցում էր 10 հոգի Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներից՝ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման և փրկարարական ուժերի վարչություններից, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության հիդրոմետ ծառայությունից, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

ՓՈւՎ հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Այվազյանի խոսքով՝ Իտալիայում անտառային հրդեհների կանխարգելման և արձագանքման արդյունավետ տարբերակներ կան՝ որսիչներն ու արբանյակները, որոնց միջոցով հավաքվում է տեղեկատվություն։

Հրդեհավտանգ ժամանակահատվածում վերլուծական կենտրոնը գրանցում է որսիչների հաղորդած տեղեկությունը, փոխանցում արձագանքող ուժերին։ Նախատեսվում է այս մեխանիզմը տեղայնացնել և ներդնել Հայաստանում՝ հարմարեցնելով ռելիեֆին ու կլիմային։ Որպես պիլոտային մարզ՝ արդեն ընտրվել է Լոռին։

«Մեզ հատկապես հետաքրքրեց համակարգչային ծրագրի այն հատվածը, որտեղ հնարավոր է մուտքագրել, օրինակ, կոնկրետ տարածքը, քամու ուղղությունն ու ուժգնությունը, օդի խոնավությունը և տեսնել, թե ինչպես է ընթանում հրդեհի զարգացումը՝ ընդհուպ մինչեւ 24 ժամում։ Ճիշտ է՝ մեր փրկարարներն անընդհատ շրջում են հատուկ պահպանվող տարածքներում, տեղեկացնում հրդեհի հավանականության ու վտանգների մասին, սակայն ծրագիրը կօգնի կատարելագործել կանխարգելման հմտությունները»,- նշել է մասնագետը։