28 հունվարի 2023 - 10:38 AMT
Փաշինյանն այցելել է Եռաբլուր. Զոհերի ծնողները դիմավորել են վանկարկումներով

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Եռաբլուրում գտնվող զոհված զինծառայողների հարազատները պաշտոնյաներին դիմավորել են տարբեր վանկարկումներով, գրում է Armlur.am-ը։

Այցին ընդառաջ մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայվել։

«Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամները՝ 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների ծնողները, առավոտյան 05:00-ից Եռաբլուր զինվորական պանթեոնում էին՝ թույլ չտալու իշխանությանը այցելել իրենց տղաների շիրիմներին։

«Իհարկե ուժերը անհավասար էին, եթե նախորդ անգամ նշում էինք, ոտիկանները բազմահազար էին, այս անգամ նրանց քանակը 10 անգամով ավելի շատ էր…»,-ասվում է ՀԿ հայտարարության մեջ։

Հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 31-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ագային բանակի ստեղծումը: