28 հունվարի 2023 - 11:22 AMT
ՌԴ-ում ՀՀ դեսպան․ Չենք հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից

Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից։ Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Գիտեք, որ միջպետական հարաբերություններում լինում են ինչ-ինչ հարցեր, որոնք քննարկվում են և լուծում են ստանում։ ՀԱՊԿ դիտորդներից ոչ ոք չի հրաժարվել։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում, չի ստորագրվել միայն այն պատճառով, որ հայկական կողմը ցանկանում էր, որ այն լրամշակվի․․․Այժմ այդ փաստաթուղը լրամշակման փուլում է»,-ասել է նա։

Նա հերքել է նաև այն հայտարարություննեըն, թե, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ կազմից։

«Այդ գնահատականներն իրականությանը չեն համապատասխանում։ ՀՀ վարչապետը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք անգամ չի կարող լինել, այդ պատճառով էլ այդպիսի գնահատականները չեն համապատասխանում իրականությանը։ Հակառակը՝այս անկայուն ժամանակաշրջանում մեր փոխհարաբերությունները խորանում են և ավելի կխորանան։

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ անդամ է, ԱՊՀ անդամ է, անդամակցում է տարածաշրջանային մյուս բոլոր կազմակերպություններին, որտեղ ներկայացված է Ռուսաստանը։ Ուստի այդ ամենը պետք է ընկալել որպես մեր հարաբերությունները չհասկացող մարդկանց հայտարարություններ»,- ասել է Հարությունյանը։

Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չի տրվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։

Ավելի ուշ Զասը հայտարարել էր նաև, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստան գործուղելու առաջարկն ուժի մեջ է մնում, և որ դա կարելի է բավականին օպերատիվ կազմակերպել։