28 հունվարի 2023 - 12:51 AMT
Ռուբինյան․ ԵԽԽՎ-ն ունի Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու մեխանիզմներ

Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում առաջարկել է փաստահավաք առաքելություն ուղարկել Ադրբեջանի կողմից արգելափակվաԼաչինի միջանցք և ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ ԵԽԽՎ-ն ունի այդպիսի առաքելություն գործուղելու մեխանիզմներ։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քննարկմանը՝ նա նշել է, որ ԵԽԽՎ Բյուրոն որոշել է փաստաթղթերը փոխանցել Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց գծով կոմիտե, որը պետք է զեկույց նախապատրաստի Լաչինի միջանցքում իրավիճակի մասին։

Ռուբինյանը նշել է նաև, որ այն փաստը, որ ադրբեջանական կողմը հակազդում է փաստահավաք առաքելության գաղափարին, արդեն հաստատում է, որ Բաքվի այն թեզը, թե շրջափակում չկա, կեղծ է։

Ռուբինյանը նշել է, որ ԵԽԽՎ նիստում քննարկման բոլոր անդամները, քաղաքական խմբակցությունների բոլոր ներկայացուցիչները նշել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը, այն որ շրջափակումը խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և նշել են, որ Ադրբեջանը պետք է բացի միջանցնքը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։