Գործադիրը հավանություն է տվել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգին։ Այն կներդրվի 2024-ից փուլային եղանակով:
Առողջության համապարփակ ապահովագրության՝ ԱՀԱ-ի, կառավարման նպատակով նախապատրաստական փուլում կստեղծվի առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ առաջին փուլում 2023-ին կհաստատվի ծառայությունների փաթեթը, որն արդեն մշակվել է, դրա արժեքները։
Նա նշել է, որ փաթեթի գինը չի հաշվարկվելու մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ ունենալու է հաստատուն ծառայությունների արժեք, սակայն չի նշել, թե մոտավոր ինչ գումարի մասին է խոսքը:
2023-ին կորոշվի նաև պետության կողմից համաֆինանսավորման չափը:
«2024-ից պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակում մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, և նրանց մատուցվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական: 2024-ին կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ և կսկսենք արդեն կամավոր ապահովագրության շրջանակում ներառել նաև այլ ցանկացողների: 2025-ին պետության կողմից կներառվեն թոշակուռները՝ նրանք նույնպես կօգտվեն ապահովագրական փաթեթի ամբողջ ծառայություններից: Այս տարիներին կշարունակվի կամավոր ապահովագրական շրջանակում քաղաքացիների ներառումը մեր ֆոնդի շրջանակներում: 2027-ից կունենանք պարտադիր ապահովագրական ամբողջ ծածկույթ ամբողջ բնակչության համար»,-ասել է նախարարը:
Նա նշել է՝ տեսանելի է, որ առողջապահական աղետալի ծախսերն իսկապես առաջնային պատճառներից են, որ հանգեցնում են ընտանիքների ծայրահեղ աղքատացման։
Առողջապահության նախարարն այդ համատեքստում կարևորել է որակյալ ծառայությունների մատուցումը։
«Մենք գնում ենք ստանդարտացված, միասնականացված, նույն էլեկտրոնային համակարգով ներդրվող կլինիկական պրոտոկոլների, գործելակարգերի և ուղեցույցերի ընթացքով: 2-3 տարիների ընթացքում արդեն կունենանք ամբողջովին ներդրված համակարգ, որը ապահովագրության շրջանակում նաև որակյալ ծառայություններ ունենալու գրավականն է լինելու»,-ասել է Ավանեսյանը:
Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանի բնակչության մոտ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս մոտ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում (տարածաշրջանային ցուցանիշը՝ 7.4%, համաշխարհայինը՝ 12.7%)։