2 փետրվարի 2023 - 17:01 AMT
Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները

Կարսի Սարիղամիշի շրջանում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարներ Հուլուսի Աքարը, Զաքիր Հասանովն ու Ջիվանշիր Բուրչուլաձեն։

Հասանովը Թուրքիայում է փետրվարի 1-ից՝ Աքարի հրավերով, գրում է Haqqin.az-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների վերջին օրն ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերությոնների կարգավորման գործընթացին, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին, գրում է Ermenihaber-ը։

Ըստ Աքարի՝ Ադրբեջանի հետ իրենց համագործակցությունը շարունակվելու է: Նա պնդել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» տնտեսական, սոցիալական և այլ առումներով «օգուտներ կբերի» ոչ միայն Ադրբեջանին, այլև տարածաշրջանին:

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ապահովումն էլ իսկապես որպես Թուրքիա՝ մեր անկեղծ ցանկությունն է»,-հայտարարել է Աքարը։

Փետրվարի 2-ը Կարսի Սարիղամիշի շրջանում Թուրքիայի ԶՈւ պլանային «Ձմեռ-2023» զորավարժությունների վերջին օրն է։ Դրանք մեկնարկել էին հունվարի 18-ին։ Թուրքիայից զատ մասնակցող երկրների ցանկում են Գերմանիան, Իտալիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Ուզբեկստանը, Մալայզիան, Լիբիան, Կատարը, Քուվեյթը, Ղրղզստանը, Եթովպիան, Վրաստանը, Բահրեյնը և Մոնղոլիան։

1758 հոգանոց անձնակազմի մասնակցությամբ իրականացվող զորավարժությանը ներգրավվել է 43 տեսակի 651 մեքենա, 23 տարբեր տեսակի և տրամաչափի 865 զենք։