2 փետրվարի 2023 - 16:00 AMT
2022-ին ՀՀ է փոխանցվել $5.2 մլրդ, իսկ այստեղից արտերկիր՝ $2.6 մլրդ

2022 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 5 մլրդ 190 մլն դոլար՝ միայն Ռուսաստանից ուղարկված գումարն աճել է 4 անգամ: Կենտրոնական բանկը հրապարակել է տրանսֆերտների տարեկան վիճակագրությունը, ըստ որի՝ միայն Ռուսաստանից փոխանցվել է 3 մլրդ 598 մլն դոլար:

2021 թվականի համեմատ տրանսֆերտներն ավելացել են 2.5 անգամ, ինչն աննախադեպ է Հայաստանի համար: Մինչև 2022-ը, առավել շատ դրամական փոխանցումներ կատարվել են 2013 թվականին՝ 2.3 մլրդ դոլար: Դրանից հետո այն տատանվել է՝ կրճատվելով ու ավելանալով, սակայն 2022 թվականի ցուցանիշին այն անգամ մոտ չի եղել, գրում է «Հետքը»։

Ինչպես ցույց են տալիս տվյալները, 2022-ի փոխանցումների 70%-ի աղբյուրը Ռուսաստանն է: Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստան եկած ռուսաստանցիների մի մասը իր կապիտալը տեղափոխում է այստեղ։ Նշվում է, որ բացի բիզնես նպատակներից, ռուսաստանցիները Հայաստանում գումարներ են ծախսում նաև հանգստի, ժամանցի, տան վարձակալության և այլ նպատակներով։

Այդ գումարները մի կողմից աշխուժացրել են Հայաստանի տնտեսությունը, մյուս կողմից՝ բարձր գնաճի պատճառներից մեկը դարձել:

Ինչպես արտասահմանից Հայաստան եկած գումարները, այնպես էլ Հայաստանից դուրս եկածները ներառում են և՛ ոչ առևտրային, և՛ առևտրային բնույթի տարատեսակ հոսքեր։

2022 թվականին ֆիզիկական անձինք Հայաստանից արտասահման 2 մլրդ 607 մլն դոլար են փոխանցել բանկերի միջոցով: Այս գումարը նախորդ տարվա համեմատ աճել է 2.1 անգամ կամ 1 մլրդ 381 մլն դոլարով:

Եթե գումարների ներհոսքի պարագայում հստակ է, որ այն աճել է Ռուսաստանից կատարվող փոխանցումների հաշվին, ապա արտահոսքի պարագայում առայժմ հայտնի չէ, թե դա որ երկրների հաշվին է տեղի ունեցել:

Նշվում է, որ 2022 թվականին դեպի Հայաստան փոխանցումների և Հայաստանից արտասահման փոխանցումների տարբերությունը կամ պարզապես՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 2 մլրդ 584 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ եռապատկվել է: