3 փետրվարի 2023 - 11:04 AMT
Վարչապետ․ Պուտինը եկել էր ենթակառուցվածքների բացման կոնկրետ առաջարկներով՝ Բաքվի դիրքորոշման պատճառով չիրականացվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն անդրադարձել է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը՝ նշելով, որ դա պետք է տեղի ունենա ՀՀ օրենսդրության համապատասխան։

«ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի ընթացքում մեզ թվում էր, որ եկել ենք կոնկրետ պայմանավորվածությունների տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացման առնչությամբ: (ՌԴ նախագահ, խմբ.) Վլադիմիր Պուտինը ժամանել էր կոնկրետ առաջարկություններով և մենք համաձայնեցրեցինք տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման այդ համաձայնեցված տարբերակների ասպեկտները, սակայն, ցավոք, հետո այդ պայմանավորվածությունները չհաջողվեց իրականացնել Ադրբեջանի ապակառուցողական և հակաարդյունավետ դիրքորոշման պատճառով:

Բայց Դուք գիտեք, որ մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ նաև շահագրգռված ենք տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ, քանի որ փաստացի Հայաստանի Հանրապետությունը վերջին 30 տարիների ընթացքում գտնվում է շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից և մենք իհարկե շատ ենք հետաքրքրված, որպեսզի տարածաշրջանում բացվեն բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքները:

Մենք գտնում ենք, որ դա պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Ես նկատի ունեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը և մենք այն առավել կոնկրետացրել ենք 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ»,-ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ հայկական կողմը բազմիցս ասել է, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման հարցում պետք է գործել համապատասխան այն երկրների օրենսդրությունների, որոնց տարածքներով անցնում են ենթակառուցվածքները:

Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը, անդրադառնալով անվտանգային հարցերին, ասել է, որ Ռուսաստանն անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերն է, սակայն, ոչ այնքան լավ իրավիճակ է անվտանգության ոլորտում: Անդրադառնալով Լաչինի միջանքնի փակ լինելուն, Փաշինյանն ասել է` ստացվում է՝ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: