3 փետրվարի 2023 - 12:20 AMT
Աշոտյան. Ալմաթիի հռչակագիրը ստորագրումից առաջ ԼՂՀ-ն այդ պահի օրենսդրությամբ այլևս Ադրբեջանի կազմում չէր

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի`Արցախյան բանակցությունների հետ կապված վերջին հայտարարություններին, ֆեյսբության իր էջում գրել է, որ Ալմաթիի հռչակագիրը ստորագրումից առաջ ԼՂՀ-ն այդ պահին գործող օրենսդրությամբ այլևս Ադրբեջանի կազմում չէր։

«Ռուսաստանի արտգործնախարարի առնչությամբ հարկ եմ համարում նշել.

-Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի՝ 44-օրյա պատերազմը որեւէ կերպ հիմնավոր համարել չի կարելի, քանզի տարածքային ամբողջականությունը ՄԽ համանախագահների, այդ թվում ՝ ՌԴ կողմից առաջ քաշվող հիմնարար երեք սկզբունքներից միայն մեկն է, իսկ մնացած երկուսը՝ ուժի չկիրառում կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառում և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, կամ խախտվել են կամ այս պահին անտեսվում են։

-7 շրջանը հարկ է տարբերել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զավթված այլ տարածքներից, ինչպիսիք են Հադրութը և Շուշին։

-Այսպես կոչված նախորդ իշխանությունների կողմից առաջարկների մերժումների առնչությամբ հիշեցնեմ, որ 2008-2018 թվականներին երբեք և ոչ մի հանրային խոսքում ՄԽ որևէ համանախագահ երկիր չի խոսել Հայաստանի ապակառուցողական մոտեցումների մասին՝ կապված բանակցային գործընթացի հետ: Ավելին, նույն ՌԴ ԱԳ նախարարը 2016 թվականի ապրիլի 22-ին, մասնավորապես, հայտարարել է, որ «Հայաստանը չի հրաժարվել Կազանյան փաստաթղթից»։

-Այո, Ալմաթիի հռչակագիրը, բազմաթիվ անգամներ պնդել ենք, չէր կարելի բերել «մեյդան» և դարձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ՝ առավել ևս, ԼՂ խնդրի համատեքստում: Այնուհանդերձ, Ալմաթիի հռչակագրի մեկնաբանություններում Լավրովը սխալվում է, քանզի Ալմաթայի հռչակագիրը ստորագրումից առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Խորհրդային Միության այդ պահին գործող օրենսդրությամբ այլևս Ադրբեջանի կազմում չէր։

Եթե այս հանգամանքները հաշվի չառնել, ապա, ինչպես ռուսական ասացվածքն է ասում. Можно выплеснуть ребёнка вместе с водой»,-ասվում է գրառման մեջ։

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ի համար դժվար է որոշել իր հետագա քայլերն այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրամիության հետ միասին փաստաթուղթ են ստորագրել խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրում նշված պայմաններով։

«Հիմա, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրամիության հետ միասին փաստաթուղթ են ստորագրել խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրում նշված պայմաններով, Մոսկվայի համար ինչ-որ կերպ դժվար է որոշել հետագա քայլերը: Որովհետև Ալմաթիի հռչակագրում ասվում է, որ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների, այդ թվում՝ Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմաններով, որոնք ներառում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այստեղ, ամեն դեպքում, իրավիճակը բազմաշերտ է»,- հայտարարել է Լավրովը: