3 փետրվարի 2023 - 13:05 AMT
Փաշինյան․ ՏՏ ոլորտի շրջանառությունը 2022-ին 50%-ից ավելի աճ ունի` մեր առաջնահերթություններից է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովում իր ելույթում, նշելով, որ թվային տնտեսության զարգացումը ՀՀ կարևորագույն առաջնահերթություններից է, հայտնել է, որ Հայաստանի շրջանառությունը ՏՏ ոլորտում 2022-ին աճել է ավելի քան 50%-ով, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում հետևողականորեն աճում է։

Նա նշել է, որ ՀՀ-ում ոլորտային պետական աջակցություն է ցուցաբերվում ՏՏ բիզնեսին՝ 2022-ին ավելի քան 1000 ստարտափ ստացել է զգալի հարկային արտոնություններ։

«Մեզ համար կարևոր խնդիր է մնում եվրասիական ինտեգրման տարածքում միասնական թվային տարածության ձևավորման հարցը։ Միության թվային օրակարգի հիմքերից մեկը պետք է լինի «կարգավորիչ ավազատուփերի» ռեժիմի համատարած օգտագործումը։ «Կարգավորիչ ավազատուփերի» հատուկ իրավական ռեժիմների կիրառման շնորհիվ կկրճատվեն թվային փոխակերպման նախագծերի իրականացման ժամկետները, իսկ ներկայացված նախագծերի որակը կբարձրանա, ինչն իր հերթին կարագացնի համաեվրոպական մասշտաբով թվային նախագծերի մեկնարկը։

Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ տեղեկատվական տվյալների պաշտպանության ինտեգրված համակարգի ձևավորման մասին։

Ալմաթիում 2021-ին կայացած համաժողովում մեր հանդիպումից հետո մեր կառավարությունն ընդունեց Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը, որը սահմանում է թվային տնտեսության ձևավորման և երկրի նորարարական զարգացման հիմնական ուղղությունները։

Հիմնական նպատակները, որոնց մենք ձգտում ենք, հետևյալն են.

-տեղեկատվական համակարգերի տվյալների առավելագույն օգտագործման և մեծ տվյալների վրա հիմնված արդյունավետ և օպերատիվ պետական կառավարման ապահովում։

-հարթակների և թվային ծառայությունների մշակման միջոցով արդյունավետության բարձրացում և տնտեսության մասնավոր հատվածի արդիականացում։

-բնակչության լայն շերտերի համար թվային հմտությունների և կարողությունների զարգացման աջակցություն»,-ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ ժամանակակից մարտահրավերները կարող են ակնթարթորեն փոխել մեր կյանքի սովորական ընթացքն անցանկալի ուղղությամբ, եթե չձեռնարկվեն համատեղ և հարմարադեպ միջոցներ։

«Հայաստանի կառավարությունը փոխգործակցում է միջպետական մակարդակով, ակտիվորեն համագործակցում է մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների հետ՝ նոր թվային լուծումներ գտնելու համար։ Եվրասիական տնտեսական միության համար նման լուծումներից էր «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածը, որը մշակվել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից և ապահովել է մեր երկրների միջև քաղաքացիների ազատ տեղաշարժի վերականգնումը։

Ես առաջարկում եմ արդեն իսկ սկսել քննարկել հավելվածի՝ որպես «համաճարակաբանական վահան» գործիք և բժշկական նշանակություն ունեցող տեղեկատվության փոխանցման վստահության մեխանիզմ օգտագործելու հեռանկարները»,-ասել է Փաշինյանը։

Նա ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև մեկ այլ արդիական թվային գործիքի՝ «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային հարթակի վրա։

«Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի ռուսական տիրույթը սկսել է գործել 2022 թ.-ին, և ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր հավելվածում հասանելի է նաև ՀՀ ազգային տիրույթի առաջին ամբողջական տարբերակը։ Հավելվածի օգտատերերն արդեն կարող են գտնել թափուր աշխատատեղեր, արձագանքել դրանց, օգտվել «օգնական» և «հաճախ տրվող հարցերի պատասխաններ» ծառայություններից, ծանոթանալ կանոնավորիչ տեղեկատվությանը, գտնել լիազոր մարմինների բաժանմունքները, կոնտակտային տվյալները և այլն։

Հաջորդ թվային ծառայությունը, որն ինտեգրված է «Աշխատանք ԵԱՏՄ-ում», workpermit.am-ն է, որի միջոցով տրվում են Հայաստանում աշխատանքի և բնակության թույլտվություններ։ Ամբողջ գործընթացը տեղի է ունենում առցանց հարթակում ներկայացված մեկ դիմումի հիման վրա»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ հարթակը պարբերաբար կհագեցվի պետական և առևտրային այլ ծառայություններով և նշել, որ հաշվի են առնված հայկական շուկայի առանձնահատկությունները և այն չի հանդիսանում ռուսական տիրույթի կրկնօրինակը։