3 փետրվարի 2023 - 14:31 AMT
Օհանյան. Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք անցկացնում լսումները

Ազգային ժողովում ընթանում են «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված հանրային լսումները, որտեղ քննարկվում է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր խոսքում նշել է, որ լսումներն անցկացվում են բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում։

«Այս լսումները մենք հայտարարության տեսքով կազմակերպել էինք դեկտեմբերի 12-ից անմիջապես հետո, բայց մեր առաջարկությունը ԱԺ ղեկավարությունը չընդունեց, որովհետև նրանք կարճ մարտավարություն իրականացրեցին և իրենց լսումնարեն առաջ տարան»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները լուրջ ազդեցություն ունեն ՀՀ-ի և Արցախի վրա:

«Մենք գտնվում ենք շահերի բախման կիզակետում՝ ոչ միայն ուժային կենտրոնների կողմից կատարվող միջացառումների, այլև ՀՀ իշխանությունների կողմից վարած քաղաքականության, որը տանում է նրան, որ օրըստօրե սեղմվում է օղակը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջը»,-ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Նա առաջարկել է լսումների ժամանակ ուշադրություն դրաձնել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար և անվտանգային ճգնաժամի վրա և խոսել դրա լուծամն ճանապարհների մասին:

Երկրորդ հարցի շրջանակներում, ըստ Սեյրան Օհանյանի, կքննարկվի Արցախի հարցի ներկա վիճակը և Լաչինի միջանցքի փակման համատեքստում Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրեը, բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և դրա շարունակության անհրաժեշտությունը:

Երրորդ հարցի ներքո «Հայաստան» խմբակցության ղեկավարն առաջարկել է դիտարկել Արցախի և Հայաստանի շուրջ առկա ռազմաքաղաքական գործընթացները և դրանից դուրս գալու ելքերը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։